Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի տներից մեկի առջև շինանյութ է լցված, և մի խումբ երեխաներ իրենց հայրիկին օգնելով՝ ինչ–որ բան են տեղափոխում այս ու այն կողմ։ Թշնամուն մնացած Քաշաթաղից տեղահանված Եղիազարյանների 8 հոգանոց ընտանիքը փորձում է արագ–արագ տուն կառուցել, որպեսզի ձմռանը տանիք ունենան։
Պատերազմից հետո Արմենը կնոջ և 6 անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է Արմավիր, որտեղ ծնողների հետ եղբայրն է ապրում։
«Քանի ամառ էր, գետնին էինք քնում, քանի որ եղած երկու սենյակներից մեկում ծնողներս, իսկ մյուսում` եղբայրս է իր կնոջ ու 2 երեխաների հետ տեղավորվել։ Պատերազմից, այսքան կորուստներից հետո աչքիդ ոչ մի բան չի երևում, բայց դժվարն այն է, որ նախապես ամեն ինչ արել ես երեխաներիդ անհոգ մանկության համար, իսկ հիմա փաստի առաջ ես կանգնել»,–ասում է Արմենը։
Արմեն Եղիազարյանը
© Sputnik / Aram Nersesyan
Նա պատմում է, որ Քաշաթաղում տուն, ջերմոց ունեին, անգամ նախորդ տարվա սեպտեմբերի սկզբին խանութ էր բացել, որը, սակայն, մեկ ամիս էլ չաշխատեց, քանի որ պատերազմ սկսվեց։ Իսկ տեղահանվելուց հետո 6 փոքր երեխաների հետ մնացել են առանց տան և աշխատանքի։
Արմենը չի բողոքում` ասում է, որ ամեն ինչին էլ կամաց–կամաց հասնելու է, կարևորը` սիրում է աշխատել։ Այս ընթացքում պետությունից ստացած օգնությունները կոպեկ-կոպեկ հավաքել ու եղբոր տան վերևում` երկրորդ հարկում, իր ընտանիքի համար տուն է կառուցում։ Արմենն ինքը շինարարությամբ է զբաղվում հիմա և երեկոյան, երբ տուն է գալիս, ինչքան էլ հոգնած լինի՝ թեկուզ մեկ քար դնելով՝ փորձում է տան կառուցումն առաջ տանել։
«Արդեն պատերը շարել, սենյակներն առանձնացրել եմ` մինչև ձմեռ պիտի վերև բարձրանանք, քանի որ ներքևում տեղ չկա` 6 անձ ներքևի հարկում է տեղավորված։ Հիմա մնացել են ծախսատար գործերը` դուռ և պատուհան դնել։ Ես ինչ հասցրել՝ արել եմ, մնացածն էլ կամաց–կամաց կանեմ»,-ասում է Արմենը։
Արմեն Եղիազարյանը տան նոր կառուցված հատվածում
© Sputnik / Aram Nersesyan
Հարցին, թե այս պահին ամենաշատն ինչի՞ կարիք ունեն` Արմենը պատասխանում է` եթե որևէ մեկն ուզենա օգնել, ապա ցանկացած բան էլ իրենց համար օգտակար կլինի։ Նոր կառուցվող տունը, բնականաբար, չունի կահույք, սպասք, սպիտակեղեն, սակայն առաջնայինը մեկ-երկու պատուհան դնելն է, որ քամի չլինի։ Ջեռուցման հարցն էլ պետք է լուծվի, քանի որ հատակը սարքած չէ, այսինքն` առանց այն էլ արդեն իսկ ցուրտ է։ Արմենն ասում է` չի թողնելու, որ իր տղաները խեղճանան, մանավանդ արդեն իսկ պատերազմ են տեսել։
Մինչ զրուցում ենք Արմենի հետ, նրա դուստրը` 10-ամյա Անժելան, որը ողջ ընթացքում դաս է սովորում, ընդհատում է այն ու հորն ասում, թե` պապ, բայց պատերազմը չէր ամենադժվարը, այլ կարոտը։
Անժելան
© Sputnik / Aram Nersesyan
«Ես մեր տունն եմ շատ կարոտում, այնտեղ հարմար էր` ամեն ինչ կար ու պատուհանից նայում էիր` սիրուն բնություն էր։ Եթե նորից մեր տունը հետ տան, կուզեմ գնանք և այնտեղ ապրենք, թեկուզ թող մեր տունը փլված լինի, պապան կսարքի։ Համ էլ` դպրոցս ու դասընկերներիս էլ եմ կարոտել»,–ասում է Անժելան ու հավելում` Քաշաթաղում իրենց դպրոցն այսքան հեռու չէր։
Հարցն այն է, որ Ծաղկունքում դպրոց չկա, և նրանք ստիպված ոտքով կողքի գյուղի դպրոցն են գնում։ Անժելայի մայրը` Անին, ասում է` արդեն մարզանք է դարձել` ամեն առավոտ 1.5-2 կիլոմետր քայլում է 4 երեխաներին դպրոց տանելու համար, իսկ հետո նորից հետ գնում, որ տուն բերի։ Անին ժպտում է` թող ամենամեծ դժվարությունը դա լինի։
Անի Եղիազարյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Չենք մտածել, որ պատերազմ կլինի` վարկ ու պարտքով ենք խանութ կառուցել, քանի որ մեր երեխաների ապագայի մասին էինք մտածում։ Շատ էինք աշխատում` ջերմոցն էինք մշակում, անասուններին պահում, միրգ-բանջարեղեն վաճառում, բայց գիտեինք` երեխաները ոչ մի բանի կարիք չունեն։ Հիմա չգիտեմ` ինչ է լինելու, Արմենը լավատես է, բայց ես վախենում եմ երեխաներին չապահովել էն ամենով, ինչ կուզեինք»,–ասում է Անին։
Նա ամենափոքրին` 2 տարեկան Արտակին է գրկում, համբուրում ու ասում` համացանցում տեսել է ադրբեջանցիներն իրենց տունն այրել են, խանութը՝ ավիրել։ Փորձում եմ թեման փոխել` առաջարկելով բարձրանալ վերև ու տեսնել` նոր կառուցվող տունն ինչքանով է պատրաստ։
Գործի կեսն արված է` աստիճանները կան, պատերը շարված են` անգամ սենյակներից մեկը «կահավորել» են` անկողին դրել, որ մոտ օրերս տեղափոխվեն այստեղ։
Եղիազարյանների տան նոր կառուցված հատվածի կահավորված սենյակը
© Sputnik / Aram Nersesyan
Երեխաները` 10-ամյա Անժելան, 9-ամյա Նվերը, 8-ամյա Հայկը, 6-ամյա Նարեկը, 4-ամյա Դավիթը և 2 տարեկան Արտակը վազվզում են դատարկ տանն ու մանկական ուրախ ձայներով լցնում այն. տան դատարկությունից երեխաների ձայներն արձագանքում են, ու ասես միանգամից լցվում է տունը։
«Սա իմ սենյակն է»,–ձեռքս քաշելով ու մի կողմ տանելով ասում է փոքրիկ Նարեկը.«Պապ, մի քանի տարուց սարքած կլինե՞ս սենյակս»։ Ծնողները ժպտում են, իսկ Արմենն ասում է, թե մի քանի տարուց ո՞վ իմանա` գուցե Քաշաթաղ վերադառնան։ Արմենն, ի դեպ, մասնակցել է Քաշաթաղի ինքնապաշտպանական մարտերին և այնտեղից դուրս եկել միայն նոյեմբերի 25-ին, երբ այն հանձնել են։
«Երբ մի քանի օր առաջ հարձակվել էին Սյունիքի մեր դիրքերի վրա, ես սպասում էի, որ զորահավաք կանեին, կգնայինք բոլորս... Վստահ եմ` եթե իրար գլխի հավաքվենք, մեր կորցրածը հետ ենք բերելու։ Եթե ես չգնամ, Պողոսը չգնա, Պետրոսը չգնա, թշնամին գա և հասնի իմ բակ` հետո ի՞նչ է լինելու։ Ես այն հույսով եմ ապրում, որ պիտի հետ բերենք մեր տները, չգիտեմ` ինչ է լինելու, երբ հույսս կտրեմ»,–ասում է Արմենը։
Մեր խոսակցությունն ընդհատում է Արմենի տղաներից մեկը, որը բարձրաձայն գոռգոռում է.«Պապ, պապ, ես էլ եմ զինվոր դառնալու, քեզ հետ գնալու եմ կռվեմ»...