ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են ավտոմոբիլային 15 շարասյան անվտանգ անցումը Լաչինի միջանցքով (հյուսիսային և հարավային ուղղություններով) և սահմանազատման գծի երկայնքով շուրջ 300 կիլոմետր տարածքում պարեկություն են արել զրահատեխնիկայով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է վերահսկել հրադադարի ռեժիմը և իրավիճակի շուրջօրյա դիտարկում իրականացնում 27 դիտակետում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: