ՌԱԴԻՈ

Գերիների թիվը 13-ից շատ է. Սահակյանը` ՊՆ տվյալների ու ՄԻԵԴ դիմելու մասին

Հայաստանի արևելյան ուղղությամբ մարտական վերջին գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներից 4-ի վերաբերյալ արդեն իսկ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։
Sputnik
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«ՀՀ ՊՆ–ի հրապարակած տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին 4 անձի վերաբերյալ արդեն իսկ գանգատներ բացել ենք, սակայն հասկանալի է, որ բոլոր անհետ կորած կամ գերեվարված անձանց առնչությամբ նաև միջպետական գանգատի շրջանակում թարմացումներ տեղի կունենան»,- ասաց նա։

Իրավապաշտպանները մշտական կապի մեջ են հայ ռազմագերիների խնդրով զբաղվող լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։ Սահակյանի խոսքով` գրասենյակն արդեն իսկ ձեռք է բերել որոշակի տեղեկություններ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հրահրած ագրեսիայի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերում ներգրավված անձանց վերաբերյալ, և շուտով միջպետական գանգատի շրջանակում նոր գերեվարվածների խնդիրը կներկայացվի Եվրոպական դատարանին։
Իրավական գործընթաց է պետք հասկանալու համար` ինչպես են գերիները հայտնվել Ադրբեջանում. Աղաջանյան
«Մենք համակցելու ենք անհատական գանգատները միջպետական գանգատների հետ և անհատական գործի շրջանակում նոր գործեր չենք ներկայացնի, քանի որ այդ տեղեկություններն արդեն ներառված կլինեն միջպետական գանգատի շրջանակում»,- պարզաբանեց Սահակյանը։
Նա նշեց, որ ռազմագերու կարգավիճակի առումով որևէ նշանակություն չունի, թե որտեղ է գերեվարվել անձը` իր երկրի ինքնիշխան տարածքում, թե հակառակորդի կողմից օկուպացված գոտում։ Մինչդեռ միջպետական գանգատի տեսանկյունից այն բավական կարևոր է։
«Եթե ԼՂ կոնֆլիկտի պարագայում միջազգային աղմուկ չբարձրացնելն ինչ-որ բացատրություն կարող էր ունենալ, ինչը բացառապես կարող է ադրբեջանական լոբբինգի հետևանք լինել, այս պարագայում նման արդարացումներ չեն կարող ներկայացվել»,- ասաց իրավապաշտպանը։
Սահակյանի խոսքով` այս դեպքում գործ ունենք ինքնապաշտպանության հետ, որը հստակ կանոնակարգվում է նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

«Այստեղ որևէ բացատրություն չկա, թե ինչպես Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանը պետք է փորձեր ինքնապաշտպանվել, և այս պարագայում գործ ունենք նաև բացահայտ ագրեսիայի հետ, որը սպառնում է նաև միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»,- եզրափակեց Սահակյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։