«Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել». ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահը Սինգապուրում հույս է հայտնել, որ Հայաստանը ևս կկարողանա օգտագործել իր գիտական ու մարդկային ներուժը, որը երկիրը կդարձնի ավելի հզոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների հանգույց։ Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, նա այդ մասին հայտարարել է Սինգապուրի ազգային համալսարանի բժշկագիտական դպրոցի (NUS Medicine) միջազգային խորհրդի ֆորումում, որին մասնակցել է նոյեմբերի 19-ին։
Անդրադառնալով հայ-սինգապուրյան հարաբերություներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Սինգապուրը շատ հայերի համար առանձնահատուկ երկիր է, քանի որ հայերն այստեղ ունեցել են և ունեն նշանակալի հետք ու ներկայություն:
Խոսելով Հայաստանի և Սինգապուրի ընդհանրությունների մասին՝ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու ժողովուրդներն էլ արժևորում են կրթությունն ու գիտությունը:

«Դա լավ հիմք է կրթության, գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Մրցունակ պետության հիմքը մրցունակ կրթությունն է, և մեր երկրում պետք է ամեն ինչ անենք կրթությունն ու գիտությունը, բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար։ Հայաստանն ու Սինգապուրը համատեղ շատ բան կարող են անել: Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել»,–ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանն ընդգծել է, որ Սինգապուրը լավ օրինակ է Հայաստանի համար։ Չունենալով մեծ բնական ռեսուրսներ, լինելով փոքր երկիր՝ Սինգապուրն ուներ մարդկային ներուժ: Գաղափարի ուժ, տեսլական, ռազմավարություն. հենց դրանք են կերտել Սինգապուրը:
ՀՀ նախագահը հույս ունի, որ այդ գաղափարի ուժը Հայաստանը ևս կդարձնի հզոր և բարգավաճ, և ինքը կկարողանա ասել, որ մենք կրկնել ենք Սինգապուրի օրինակը։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Սինգապուրում է «The Bloomberg New Economy» միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցելու համար։