ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Մալխաս» ջազ ակումբից տպավորված է գնացել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը։
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՌԴ վարչապետը երեկոն անցկացրել է երևանյան ակումբում։
«Ճիշտ է, չենք զրուցել, բայց շատ լավ մարդու տպավորություն թողեց։ Մոտ 2 ժամ մնաց, լսեց հա՛մ ինձ, հա՛մ մեր խմբին ու գնաց։ Հատուկ ծրագիր չէինք պատրաստել։ Սկզբում խումբը նվագեց, հետո ես նվագեցի»,– ասաց Մալխասյանը։
Ակումբում մեկ օր առաջ էին իմացել, որ ՌԴ վարչապետը ցանկանում է հայտնի ջազմենի ստեղծագործությունները լսել կենդանի կատարմամբ։ Համավարակային իրավիճակով պայմանավորված` բոլորը թեստավորվել էին։
«Մալխաս» ջազ ակումբի տնօրեն Կարեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այդ օրը ակումբը փակ է եղել, այլ հյուրեր չեն ունեցել, ՌԴ վարչապետից և նրան ուղեկցողներից բացի։
«Կարծում եմ` ամեն ինչ հավանեցին»,–ասաց տնօրենը։
Նա չցանկացավ մանրամասնել, թե հյուրերին կոնկրետ ինչ են հյուրասիրել` կատակելով, որ դա «իրենց գործն է»։
Հիշեցնենք` Միշուստինը Հայաստան էր եկել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։