Արմավիրի մարզի Նորապատ գյուղում ծեծել են տղամարդուն ու պարտքի դիմաց տիրացել նրա «BMW» մակնիշի մեքենային։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ կատարվածի մասին 1-02 էր զանգել և հայտնել ավտոմեքենայի տիրոջ կինը։
Պարզվել է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում տուժողի ծանոթը գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել և զենքի նման առարկայով սպառնալով՝ տղամարդուց խլել է մեքենան։ ««BMW»-ի տերը հիշյալ անձի միայն անունը գիտեր։
Ոստիկանները ժամեր անց պարզել են, որ հանցագործությունը կատարել է Արմավիրի Երևանյան փողոցի 48-ամյա մի բնակիչ։ Նա Բաղրամյան փողոցում հայտնաբերվել և հափշտակած մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ապակե գլանակ՝ ածխացած զանգվածի մնացորդներով։ Ըստ բերման ենթարկվածի՝ ապակե գլանակով թմրանյութ է օգտագործել, իսկ զենքի նման առարկան փայտե խաղալիք է եղել։
Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։