Մենք չգիտենք` ՀՀ–ն գրավոր դիմե՞լ է Ռուսաստանին ռազմական աջակցության համար. Մամիջանյան

Հայկ Մամիջանյան. Արխիվային լուսանկար
Հայկ Մամիջանյանը կարծում է, որ բանակաշինության գործընթացն անհնար է առանց Հայաստանի ստրատեգիական գործընկերոջ աջակցության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Որևէ մեկն այդպես էլ չգիտեի` Հայաստանը ֆորմալ դիմե՞լ է Ռուսաստանին ռազմական աջակցություն ստանալու համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ այդ մասին խոսակցություններին։
Տպավորություն է, որ ՀՀ–ին Ադրբեջանի պայմաններին համաձայնելու ժամանակ է տրվել. Աբրահամյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ նոյեմբերի 16-ին հայտարարել էր` քանի որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, ուստի ՀՀ–ն դիմում է Ռուսաստանին ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Նա նշել էր, որ դա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։
«Մենք փաստացի պատասխան չստացանք, թե Ռուսաստանին գրավոր դիմումով դիմե՞լ ենք արդեն, թե ոչ։ Հարցն այն է, որ հետագայում կարող է պարզվել, որ ֆորմալ դիմում ներկայացված չէ»,–ասաց Մամիջանյանը։
ՀՀ սահմանին սկսված մարտերը հաջողվել է կանգնեցնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Պեսկով
Նրա խոսքով` «Պատիվ ունեմը» համարում է, որ ՀՀ մարտավարական դաշնակից Ռուսաստանը մեծ դերակատարում ունի տարածաշրջանում խաղաղություն հիմնելու հարցում։ Բացի այդ, ըստ Մամիջանյանի, մեր զինված ուժերի նորացման, բանակաշինության գործընթացն անհնար է առանց Հայաստանի ստրատեգիական գործընկերոջ աջակցության։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։