Լավ կլինի` Փաշինյանը քիչ շոշափի 5 միլիարդի թեման. Մամիջանյանը ասաց, թե որտեղ է Վանեցյանը

Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը վստահեցնում է` Նիկոլ Փաշինյանի շահերից չի բխի, որ Արթուր Վանեցյանը խոսի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Որտե՞ղ է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին նման հարց ուղղեցին լրագրողները` հավելելով, որ Վանեցյանին Ազգային ժողովում չեն տեսնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։
Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր չունեմ. Վանեցյանը` Ալեն Սիմոնյանի մասին
Նախորդ ամիս` հոկտեմբերի 27-ին, ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընդդիմադիրներին, նշել էր, թե «ու՞ր է 5-միլիարդանոցը, ինչու՞ չի գալիս նիստերին»։ Մինչ այդ, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, հայտարարել էր` Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության և կապիտուլյացիայի դիմաց։ Ըստ Մինասյանի` ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա առաջարկը Փաշինյանին է փոխանցել Դուբայում այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով։
Փաշինյանը մսխել է նախկին 3 նախագահների թողած ժառանգությունը․ Վանեցյան
«Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է Ազգային ժողովում, իսկ այնտեղ չգտնվելու պարագայում «Հայրենիք» կուսակցության գրասենյակում է լինում։ Իսկ ինչ վերաբերում է հարցուպատասխաններին մասնակցել–չմասնակցելուն, ապա Վանեցյանը ենթադրում է, որ հերթական ստերը կարելի է լսել ոչ միայն դահլիճում, այլ նաև դահլիճից դուրս»,–ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով` Փաշինյանը լավ կլինի քիչ շրջանառի 5 միլիարդի թեման և, առհասարակ, քիչ դրդի Վանեցյանին բարձրաձայնել այս կամ այն իրողությունները նրա մասին, որոնք պարունակում են նաև պետական գաղտնիք։ Դա, ըստ Մամիջանյանի, վստահաբար Փաշինյանի շահերից չի բխում։