ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանցիների կողմից մեր հայրենակիցներին գերեվարելու փաստի առնչությամբ իրավական գործընթաց սկսելն ու քննելը, թե ինչ պայմաններում ենք նրանք գերի ընկել, նորմալ գործընթաց է և որևէ անձի կամայական ցանկության հարց չէ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մեծ աղմուկ բարձրացրած հայտարարությանը։
Նշենք, որ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, անդրադառնալով նոյեմբերի 16–ին գերի ընկած տղաների դեպքին, նշել էր. «Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի»։ Նրա խոսքով` զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Սա մեծ աղմուկ էր բարձրացրել, և շատերը քննադատական խոսքով հանդես եկան։
«ՀՀ–ն, ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ, ամեն ինչ արել և անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցները վերադառնան հայրենիք։ Միաժամանակ, պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան հարկ եղած ժամանակ, որպեսզի հանրությունը, պատկան մարմինները տեղեկանան, թե ինչ պայմաններում, ինչ գործընթացների արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում»,–ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` սա ոչ միայն ՀՀ–ին բնորոշ գործընթաց է, այլ իրավական պետության տրամաբանությունից է բխում։ Աղաջանյանը հավելեց, որ իրավական գործընթաց սկսելու վարչապետի հայտարարությունն ուղղակի որոշ լրատվամիջոցներ ձևախեղեցին։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։