ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված Դավիթ Ամիրյանը Լոռու մարզի Դեբետ համայնքից էր։
Sputnik Արմենիայի հետ զրույցում համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը նշեց, որ երեկ տեսանյութ են գտել համացանցում, որտեղ երևում է` Դավիթը վիրավոր է։
«Երեկ Դավիթի եղբայրը զանգեց ու ասաց, որ մի տեսանյութ է գտել, որտեղ երևում է` Դավիթը գլխից և ոտքերից ծանր վիրավոր է։ Ուրիշ բան չգիտենք»,–ասաց համայնքի ղեկավարը։
Ղազարյանի խոսքով` Դավիթն ապրում էր հոր և մոր հետ։ Նա քույր և եղբայր էլ ունի, որոնք ամուսնացած են և ապրում են իրենց գյուղում. Դավիթը փոքրն էր։
Համայնքի ղեկավարը նշում է` արդեն 5-6 տարի է, ինչ նա պայմանագրային զինծառայող էր։ 44-օրյա պատերազմին էլ է մասնակցել` Մատաղիսում։
«Դավիթը շատ յուրահատուկ տղա էր, հանգիստ և հարեհաս։ Պատերազմից հետո նրա հետ շատ եմ զրուցել, ասում էր, որ չի ուզում թողնել զինվորական գործը, քանի որ նախ հարգում էր իր համազգեստը` զինվորականի գործը շատ էր սիրում, և գիտակցում էր, որ հայրենիքին զինվոր է պետք։ Ինքը մինչև վերջ մարտնչող տեսակ է, ինչն ապացուցում է նաև երեկ մեր տեսած տեսանյութը»,–ասաց Ղազարյանը։
Նա հիշեց նաև, երբ օրեր առաջ Դավիթին զորամաս է տարել, հետաքրքրվել է, թե` չի՞ ուզում ամուսնանալ։ Դավիթը ժպիտով պատասխանել է` արդեն մտածում է այդ մասին, «տարին փոխվի, կտեսնենք»։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 19-ին ՊՆ-ից տեղեկացրեցին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։