Սենատոր Բոբ Մենենդեսը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մտահոգիչ է համարել տեղեկությունները նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հարձակման հետևանքով հայ զինծառայողների զոհվելու և գերեվարվելու մասին: Այս մասին նշված է սենատորի «Թվիթեր»-ի էջում:
Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ կոնգրեսականը` Շուշիի դեպքի մասին
«Ժամանակն է ընդունել իմ առաջարկած փոփոխությունն այդ օգնությունը դադարեցնելու մասին»,- նշել է Մենենդեսը շեշտելով, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը օգնում է հնարավոր դարձնել էթնիկ հայերի դեմ ուղղված հրեշավոր գործողությունները:
Բոբ Մենենդեսն ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսի երկու բանաձև է ներկայացրել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը դադարեցնելու կոչով:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
ԱՄՆ Պետդեպը Երևանին ու Բաքվին հորդորում է վերականգնել առարկայական բանակցությունները
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։