Ռուսաստանից Հայաստան ուղիղ ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը. ԵԱԶԲ

Եվրասիական բանկի վերլուծաբանների ակնկալիքների համաձայն` առաջիկա տարիներին ԱՊՀ երկրներից գործարարները գումարներ կներդնեն ոչ միայն նավթագազային և լեռնահանքային հատվածներում, այլև էլեկտրական սարքերի և մեքենաների արտադրության, ինչպես նաև «կանաչ տնտեսության» մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան ուղիղ ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը։ Այս մասին են վկայում Եվրասիական զարգացման բանկի մոնիթորինգի արդյունքները։
2020 թվականի վերջի դրությամբ` դրանց ծավալները կազմել են 3 մլրդ 47 մլն դոլար։ Հայաստանը ռուսաստանյան ներդրումների խոշորագույն հասցեատերերից մեկն է իր ՀՆԱ–ի ընդհանուր ծավալի ցուցանիշով (օրինակ` Բելառուսի ՀՆԱ–ում ռուսական ներդրումները կազմել են 5 մլրդ 140 մլն դոլարից մի փոքր ավելի, սակայն Բելառուսի ՀՆԱ–ն գերազանցում է հայկականը 5 անգամ)։
Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի
Ընդհանուր առմամբ, 2014-2015 թվականների անկումից հետո, 2016 թվականին ԱՊՀ երկրներույմ փոխադարձ ուղիղ ներդրումները սկսեցին աճել, նշվում է ուսումնասիրության մեջ։ Հիմնական ներդրողներն են շարունակում մնալ Ռուսաստանն ու Ղազախստանը, մինչև 2014-2015 թթ. նրանց հաջորդում էր Ուկրաինան, այսօր նրա տեղը զբաղեցրել են Բելառուսն ու Ադրբեջանը (վերջինի ներդրումները հիմնականում Վրաստան և Ուկրաինա են գնում)։
ԵԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում
2020 թվականի արդյունքներով` ԱՊՀ երկրների փոխադարձ ներդրումների ծավալը կազմել է շուրջ 46 մլրդ դոլար (որից 3 մլրդ–ը, ինչպես նշվեց, կազմում են Ռուսաստանից Հայաստան ներդրումները)։ Դրանց 1/3-ից մի փոքր ավելին կենտրոնացած է հումքային հատվածում (նավթի, գազի և մետաղական հանքաքարերի արդյունահանում), 12%–ը` քիմիական արդյունաբերության (այդ թվում նավթի և գազի վրա հիմնված) մեջ։
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել այն ներդրումային ծրագրերը, որոնք առաջ չեն շարժվում
Առաջիկա տարիներին ԵԱԶԲ–ի վերլուծաբաններն ակնկալում են, որ ԱՊՀ երկրները կընդլայնեն ներդրումներն էլեկտրական սարքավորումների և մեքենաների արտադրության, ինչպես նաև մեքենաշինության ոլորտում։ Կաճեն ներդրումները նաև «կանաչ տնտեսությանն» ուղղված նախագծերում (վերջին երկու տարվա ընթացքում դրանց ծավալներն ավելացել են ավելի քան 50%–ով)։
ԵԱԶԲ–ի նոր նախաձեռնության շնորհիվ ծախսերը կթեթևանան, գործարքները կլինեն ավելի արագ
Այս դիտարկումները ներկայացվել էին «ԵԱԶԲ–ի փոխադարձ ներդրումների մոնիթորինգ» խորագիրը կրող զեկույցում։