ՊՆ-ն հերքում է ադրբեջանցիների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն
Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների փոխանակում կիրականացներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են «Արմենպրեսի» հարցմանը:
«Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ»,– հայտնել են ՊՆ–ում։
Նոյեմբերի 16-ի մարտերից զոհված Տարոն Սահակյանը հրետանավոր էր, եղբայրն էլ զինվորական է
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։