Oդանավակայանի տարածքում տաքսիների համար պահանջներ կսահմանվեն

Լիցենզիայի պետական տուրքը նախատեսվում է սահմանել տարեկան 200 000 դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների գործունեության հարցը կկարգավորվի, և կսահմանվեն նոր պահանջներ։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Հայաստանի օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով խնդիրներ են առաջանում քաղաքակիրթ տրանսպորտային սպասարկում իրականացնելու համար: Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ»,– նշեց Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորման, արտաքին տեսքի և տարիքային սահմանափակման պահանջներ, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ։
Օդանավակայանում կաշխատեն միայն լիցենզավորված տաքսիները. որն է իրական նպատակը
Անդրադառնալով որոշ սահմանափակումներին` ՏԿԵ փոխնախարարը շեշտեց, որ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև 7 տարեկան մեքենաներ։ Առաջարկվում է նաև, որ մեքենաները լինեն սպիտակ, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշաններով։
Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին` արդյոք ցանկացած անձ, ով կհամապատասխանի ստանդարտներին, կարո՞ղ է ստանալ լիցենզիա, Սիմոնյանը պատասխանեց, որ քվոտավորում չի նախատեսվում, լիցենզիաների սահմանափակ քանակ չի լինելու։
ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք այդ կարգավորումներն ավելի չեն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս:

«Օրենքի նախագիծը մշակվել է, որպեսզի բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան և կենտրոն ուղևորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժե շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում։ Էլեկտրոնային համակարգով աշխատող տաքսի ծառայությունների վրա սա ազդեցություն չի ունենա»,– ասաց փոխնախարարը:

Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք այսօր, ըստ փոխնախարարի, մեծամասամբ կարող են իրականացվել ապօրինի:
Նախագիծը միաձայն ընդունվեց առաջին ընթերցմամբ։