Նովան ու Նեոն ձագեր են ունեցել. կովկասյան ընձառյուծի ու նրա ձագուկների գիշերային զբոսանքը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» տնօրենը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին ու ձագուկներին։
Sputnik
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ: Շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում տարածել է մի տեսանյութ, որում երևում են ընձառյուծի երկու ձագերը։
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։

«Բնությունը վերականգնվում է և ընձառյուծի այս բացառիկ նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում այսուհետ լինել շատ ավելի ուշադիր ու ավելի ուժեղացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության համակարգը»,–նշված է տեսանյութին կից։

Հավելենք, որ Հայաստանում երկու ընձառյուծի մասին տեղեկություն ունենք` Նովան ու Նեոն, որոնք հաճախ են հայտնվում «թակարդ–տեսախցիկների» տեսադաշտում։
Հիշեցնենք, որ Հայաստանում բնակվում է ընձառյուծի կովկասյան ենթատեսակը (Panthera pardus tulliana), այն գրանցված է Հայաստանի կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով:
Sputnik Արմենիան դեռ նախորդ տարվա մայիսին հոդված էր պատրաստել` ներկայացնելով 50 տարվա ընդմիջումից հետո Տավուշում հայտնված կովկասյան ընձառյուծի և նրա հետ կռիվ տված 36-ամյա Արման Գաբրիելյանի պատմությունը։ 4-5 վայրկյան տևած պայքարում կենդանին հասցրել է ժանիքն այնպես խրել Արմանի ձախ ձեռքի ափի մեջ, որ երկու կողմից ծակել է այն, ինչպես նաև բավական խորը ճանկռել է Արմանի ձեռքերը, ոտքը, ուսը, շրթունքը։