ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Արդեն 2 օր է` ԱԻՆ-ի ավտոմեքենաներն են հաց հասցնում Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան բնակավայր։ Անհրաժեշտության դեպքում բարձրավանցիներին նաև Գորիս են տեղափոխում ռուսական սահմանապահ զորքերի «Ուրալ» մեքենաներով, միայն թե Բարձրավանից Գորիս հասնելու համար բնակիչները նախապես պետք է տեղյակ պահեն իրենց վարչական ղեկավարին, վերջինս էլ` սահմանապահ զորքերի հրամանատարին, որպեսզի օր ու ժամ պայմանավորվեն, մարդկանց Գորիս տեղափոխեն։
«Մարդիկ հավաքվում, ինձ ասում են` պետք է գնանք այ էս բաների համար, ես էլ կապ եմ հաստատում սահմանապահ զորքերին հետ, իրենք մեքենան ուղարկում են, մարդկանց տանում են Գորիս, առևտուր են անում, հետո նորից հետ են բերում»,- Sputnik Արմենիային պատմեց Բարձրավանի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը։
Մինչև երեկ գյուղում դասավանդող ուսուցիչներին ևս ռուսական «Ուրալ»-ներով են տեղ հասցրել, բայց վարչական ղեկավարի տեղեկություններով` այսօր արդեն որոշել են առցանց ուսուցման անցնել. Գորիսից Բարձրավան գնացող մանկավարժների համար դպրոցի ճամփան դարձել է դժվար ու երկար։
«Ոլորանները շատ են, մեքենան չի կարողանում անցուդարձ անել, ներքևում ձորեր ու անդունդներ են, ուսուցիչների մի մասն էլ երիտասարդ ուսուցիչներ են, վախենում են։ Ամեն օր այս ճանապարհով գնալ-գալը սթրեսի մեջ է գցում ուսուցիչներին, էլ չեն կարողանում գնալ-գալ»,- ասաց Ավագյանը։
Ամենագնացներով Բարձրավանից Գորիս հասնելու համար մոտ 2 ժամ է պահանջվում, իսկ շտապօգնության մեքենաների համար այդ ճանապարհներն ընդհանրապես հաղթահարելի չեն։ Վերջին օրերին դեպքեր են եղել, երբ ստիպված են եղել հիվանդներին «Նիվա»-ներով բուժկենտրոն հասցնել։
Երեկվանից պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այսուհետ Կապան քաղաքի շտապօգնության ծառայության աշխատակիցները կսպասարկեն Բարձրավանի բնակչությանը, մինչև այլընտրանքային ճանապարհներն ասֆալտապատվեն։
«Բացի Որոտան-Խոտ այլընտրանքային ճանապարհից, այս պահի դրությամբ շինարարություն է ընթանում նաև մեկ այլ` Տաթև-Կապան ճանապարհին։ Առավոտից մինչև ուշ երեկո աշխատում են, որ կարողանան մինչև տարեվերջ այդ աշխատանքներն ավարտին հասցնել»,- նշեց Ավագյանը։
Այլընտրանքային ճանապարհի հույսին մնացած Որոտանի բնակիչներին ևս Գորիս են տեղափոխում «Ուրալ»-ներով։ Բնակավայրի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանն ասում է` գյուղում խնդիրները շատ են, բայց խնդիրների խնդիրը` անվտանգության հարցը, այսօր շարունակում է մնալ օդում կախված։
«Գյուղացին ամեն ինչ կստեղծի, իր համար ամենաառաջնայինն անվտանգությունն է։ Ոչինչ չենք ուզում, միայն խաղաղություն լինի»,- նշում է նա։
Օհանջանյանի խոսքով` թեև այս պահին ադրբեջանական զորքի, զինտեխնիկայի տեղաշարժ, կուտակումներ Որոտանից չեն նկատվում, բայց թշնամու հարձակման վտանգ ամեն րոպե կա. մարդկանց զինելու կարիք ունեն։
«Լավ կլինի, որ պատրաստ լինենք։ Բոլորն էլ գիտեն, որ զենքի խնդիր ունենք, էլ ո՞ւմ դիմենք»,- եզրափակեց Օհանջանյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ–ն էլ հայտնեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։