Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ ՌԴ առաջարկություններն ընդունելի են. Փաշինյան

Վարչապետը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ճշգրտել ՌԴ ՊՆ առաջարկի մանրամասներն ու փորձել իրագործել դրանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ՌԴ–ը 2020թ–ի մայիսի 12-ից ի վեր 3 առաջարկ է արել։ Դրանք երեքն էլ ընդունելի են եղել ՀՀ–ի համար։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով որ այդ մասին հայտարարել էր նաև երեկ` ԱԺ ամբիոնից։
Վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով ենք սահմանազատում կատարելու․ ԱԳ փոխնախարար
«Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ–ը դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,– ասաց նա։
Վարչապետը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ճշգրտել ՌԴ ՊՆ առաջարկի մանրամասներն ու փորձել իրագործել դրանք` ՌԴ–ի առաջարկների հիման վրա ու դրանք շրջանակներում։
Ինչո՞ւ չընդունվեց ՀՀ–Ադրբեջան սահմանային իրավիճակին և սահմանազատմանը վերաբերող նախագիծը
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Ադրբեջանցիները նաև անցակետեր են տեղադրել Գորիս-Կապան ու Ճակատեն-Կապան ճանապարհներին։
Իսկ նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել: