ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մայր աթոռի նամակը` հունվարի 5-ը և 7-ը ևս ոչ աշխատանքային օրեր թողնելու մասին, քննարկել է իշխող քաղաքական ուժը և եկել այն եզրակացության, որ եթե ընդառաջ գնան Մայր աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն իր իմաստը կկորցնի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այդ տեսանկյունից ոչ նպատակահարմար ենք համարել Մայր աթոռի առաջարկն ընդունելը։ Բացի այդ, մենք շատ մանրամասն հիմնավորել ենք, թե ինչպես կփոխվի տնտեսության կառուցվածքը հունվարին, և դա ամենաքիչն է, որն ակնկալում ենք»,–ասաց նախարարը։
Լրագրողները նկատեցին` նախագծով սահմանվում էր, որ հունվարի 2-ն էլ պետք է աշխատանքային լինի, սակայն վերջում դա էլ ոչ աշխատանքային համարվեց, ուստի ի՞նչն էր պատճառը, որ չընդառաջեցին Մայր աթոռին և հունվարի 2-ի փոխարեն հունվարի 5-ը ոչ աշխատանքային համարեին։ Քերոբյանը նշեց, որ այս ընթացքում տարբեր առաջարկներ են եղել, սակայն իրենք ընտրել են այս ճանապարհը։
Հարցին, թե հնարավո՞ր է նախագահը չստորագրի այն և Սահմանադրական դատարան ուղարկի` Քերոբյանը պատասխանեց, թե չի կարծում այդ նախագիծը հակասահմանադրական տարրեր է պարունակում։
«Բացի այդ, իմանալով նախագահին և իր տրամադրվածությունն աշխատանքի նկատմամբ, ունեմ բավարար չափով վստահություն, որ նախագահը նախագիծը հնարավորինս արագ կստորագրի»,-ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ արդեն իսկ ընդունված նախագծով ՀՀ աշխատող քաղաքացիները կունենան 4 հանգստյան օր` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ու հունվարի 6-ը։
Հավելենք, որ Հայ առաքելական եկեղեցին նախագծի հեղինակներին ու Ազգային ժողովի խմբակցություններին առաջարկել էր Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։ Եկեղեցու այս առաջարկը կառավարությունը չէր ընդունել։