ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԶՈւ զինծառայողների գերեվարման դեպքերը քննության առարկա դարձնելու մասին ՀՀ վարչապետի հայտարարության տարատեսակ մեկնաբանություններին։
«Ինչո՞ւ պետք է քննության առարկա դարձնելը նույնացվի գերիներից «ձեռք քաշելու», գերիներին թշնամի հռչակելու հետ։ Ինչո՞ւ է առաջ տարվում բոլոր դեպքերում միայն ու բացառապես՝ զինծառայողների ինքնակամ, գիտակցված, ճարահատ գերի հանձնվելու կանխավարկածը»,– գրում է Աբրահամյանը։
Նա նաև փաստում է, որ ՀՀ զինծառայողների գերեվարման հանգամանքների պարզման վերաբերյալ այս պահին էլ կան քրեական գործեր, որոնցով կոնկրետ անձանց նաև մեղադրանքներ են առաջադրվել։
Գոռ Աբրահամյանի մեկնաբանմամբ` քննության միջոցով փորձ է արվում ճշտելու գերեվարման դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները` մեղավորներին պարզելու ու քրեական պատասխանատվության ենթարկելու համար` անկախ նրանից դա ում մեղքով է տեղի ունեցել՝ զինծառայողի, հրամանատարի, բարձրաստիճան հրամանատարության, թե թշնամու:
Այս մեկնաբանմամբ դատախազի խորհրդականը կոչ է անում դադարեցնել անիմաստ քննարկումները:
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննվի։ Նրա խոսքով` ՀՀ ԶՈւ–ում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,–ասել էր Փաշինյանը։
Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, կարծիք էր հայտնել, թե թշնամին սկսի օգտվել այս հայտարարությունից։