ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ F-16 կործանիչների մատակարարման հարցով թուրքական պատվիրակության բանակցությունները դրական ու կառուցողական հունով են անցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեկ հայտարարել էր, որ թուրքական ռազմական պատվիրակությունը F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը խոստացել է ջանքեր գործադրել, որպեսզի F-16-ի վաճառքի հարցում համոզի ԱՄՆ Սենատին:
Սակայն ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ դեմոկրատ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով ցանկալի մակարդակի դաշնակից չէ, և պահանջել է F-16 կործանիչներ չվաճառել Անկարային:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնապես ծանուցել էր, որ F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից հանել է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։