Սյունիքի մարզում տեղադրվել են տաքացման կետեր. ԱԻՆ–ն առաջին օգնություն կցուցաբերի

Առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան–Գորիս ճանապարհի Տաթև տանող խաչմերուկում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան–Տաթև ճանապարհի 39 կմ–ին` Աղվանի գյուղից վերև տեղադրվել է տաքացման կետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Կետերը տեղադրվել են հաշվի առնելով եղանակային պայմանները, դրանց հետևանքով հնարավոր պատահարներն ու արտակարգ դեպքերը։ Ճանապարհին մնացած, տուժած քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերվի կահավորված և հարմարեցված այս կետում»,– նշում են ԱԻՆ–ից:
Ադրբեջանական անցակետն ու մեկուսացումը. Բարձրավանում հիվանդ երեխային դեղորայք է անհրաժեշտ
Գերատեսչությունից շեշտում են, որ շարունակում է գործել Շուռնուխում բացազատված կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան–Գորիս ճանապարհի Տաթև տանող խաչմերուկում:
Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ տաքացման նոր կետերի տեղորոշմանը և կահավորմանն առնչվող խնդիրների լուծման նպատակով տեղում աշխատել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը: