ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երեկ` նոյեմբերի 16–ին, Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը` ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով։
Նշվում է, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետևանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը։
Շարժական մեքենայով բնական գազ է առաքվել Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր
«Այսօր շարժական մեքենայով նաև բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար»,–նշված է գրառման մեջ։
Բնակիչների խնդիրներին արագ արձագանքելու ու դրանց լուծումն օպերատիվորեն համակարգելու համար ճանապարհի փակումից ի վեր գյուղերում են աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանն ու Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նոյեմբերի 14-ին էլ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։
Նշենք, որ Ճակատեն տանող ճանապարհը կորցնելով` Սարաշեն, Ճակատեն, Շիկահող և Վերին հանդ գյուղերի 600 բնակիչները բարդ կացության մեջ են հայտնվել։ Եթե նախկինում 10 կիլոմետր էին հատում և Կապան հասնում, ապա հիմա Մեղրիով, Քաջարանով 150 կիլոմետր շրջանց կատարելով պետք է Կապան հասնեն։