Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին. Զախարովա

Մարիա Զախարովայի խոսքով երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր, մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ.երկկողմ համաձայնագիրն ու ՀԱՊԿ մեխանիզմները, հայտարարեց, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ։
«Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, այնտեղ ուշադիր հետևում են հայ – ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին», - ասաց Զախարովան։
Եթե նույնիսկ հակառուսական հիստերիա կա, դրա հեղինակն իշխող մեծամասնությունը չէ. Փաշինյան
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 13 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին, ժամը 18։30–ից ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։