ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր երեկոյան Ադրբեջանից Հայաստան է տեղափոխել երեկ` նոյեմբերի 16–ին, զոհված հայ զինծառայողի դին։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ Պն մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Մուրադովը Բաքվից Երևան է բերելու զինծառայողի դի։ Նշվում էր, որ ինքնաթիռում գերիներ չկան։
«Ռուստամ Մուրադով միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին»,–ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է նաև, որ այսօր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր` Ադրբեջանի սադրիչ քայլերի հետևանքով հայկական կողմը կորուստներ ունի։ Մեկ զոհի մասին տվյալներն էին ճշտվել՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։
Ըստ ՊՆ–ի` հայկական կողմն ունի 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։