ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում COVID–19–ով հավանդացության նվազման միտում կա, մահվան համեմատաբար բարձր ցուցանիշները դեռևս շարունակում են պահպանվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մշտապես ծանր դեպքերի և մահվան դեպքերի նվազումը ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետ է լինում։ Դեռ պահպանվում են մահվան համեմատաբար բարձր ցուցանիշներ։ Հույս ունենք, որ առաջիկա 1 շաբաթում այդ տվյալները նույնպես կնվազեն»,– նշեց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ ԲԿ–ներում կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժում ստանալու համար սպասող անձ ներկա պահին չկա։
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 330895 քաղաքացի, փաստացի բուժում է ստանում 23 856 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7153 է։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը հասել է 1394-ի։