Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը դեռևս պահպանվում է. Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձանագրել է, որ անդամ պետությունների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ժամանակ։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը և, մասնավորապես, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում դրա ապահովմանը, ապա ստիպված եմ արձանագրել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում: Դրա մասին է վկայում նաև դաշինքի երկրների զորախմբերի ընդլայնվող ներկայությունը, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքի զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը մեր պետությունների արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ»,– նշել է Զասը։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ. ինչ են պատմում Իշխանասարի բնակիչները
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։