Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

ԵՄ
ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը` վերահաստատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել։ Տարածված պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ–ն կողմերին կոչ է անում հետ քաշել ռազմական ուժերը և հարգել եռակողմ համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում վերսկսել բանակցությունները՝ աշխատելու չլուծված հարցերի համապարփակ կարգավորման ուղղությամբ, ներառյալ սահմանների սահմանագծումը»,– ասված է հայտարարության մեջ։
ԵՄ-ն նաև խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բռնությունների կապակցությամբ, հատկապես, որ դրանք հանգեցրել են նաև մարդկային զոհերի։
«Անգեղակոթը սարի պես գյուղ ա, թուրք երբեք չի մտել». բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը
ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը` վերահաստատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը՝ ի նպաստ լարվածության թուլացման ու ապահով, կայուն, բարգավաճ խաղաղ Հարավային Կովկասի կառուցման` ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:
Նշենք` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեկ` նոյեմբերի 16-ին, հեռախոսով քննարկել էր իրավիճակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու անհապաղ դեէսկալացիայի և հրադադարի լիարժեք պահպանման կոչ արել։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։