ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայ–ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը` հավելելով, որ Սինգապուրում գտնվող Սարգսյանի հանդիպումները շարունակվում են։
«Սարգսյանն ու Լի Սյեն Լունը խոսել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման մասին: Նշվել է, որ գործակցության մեծ ներուժ կա հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտության և կրթության ոլորտներում: Սարգսյանի դիտարկմամբ՝ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար և մի շարք բնագավառներում սինգապուրյան փորձը կարող է օգտակար լինել մեր երկրի համար»,–նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում փոքր երկրների զարգացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր իրողություններում փոքր և խելացի երկրները զարգացման մեծ հնարավորություններ ունեն:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ադրբեջանցիների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել նաև Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբին։ Նախագահը Սինգապուրում է «The Bloomberg New Economy» միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցելու համար։