ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրենց գործունեության մեկ տարվա ընթացքում ԼՂ փախստականներին, բազմանդամ ընտանիքներին և կարիքավորներին ավելի քան 300 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Զինծառայողները բարեգործների հետ ավելի քան 226 մարդասիրական միջոցառումներ են իրականացրել ԼՂ քաղաքներում և հեռավոր բնակավայրերում, դպրոցներում, մանկապարտեզներում և գիշերօթիկներում, այդ թվում ավելի քան 100 անգամ հասցեական մարդասիրական ակցիաներ են կազմակերպել։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: