ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն այս պահին բարձրանում է դեպի Իշխանասար, որպեսզի տեղում հասկանա իրավիճակը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց անձամբ Քոչարյանը։
«Իշխանասարում կրակոցներ են, մինչև չբարձրանամ` չեմ կարող ասել` ինչ իրավիճակ է։ Գորիսում ներկա պահին կրակոցների ձայներ են լսվում»,–ասաց նա։
Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հրաժարվեց իրավիճակի մասին որևէ հայտարարություն անել` նշելով, որ զբաղված է։
Շաքիի վարչական շրջանի ղեկավար Վահան Ղազարյանը հայտնեց, որ իրենք ևս լսում են կրակոցների ձայներ, սակայն խուճապ չկա։
«Այս պահին էլ կրակոցների ձայներ ենք լսում, որոնք սկսվել են մոտավորապես ժամը 13–ից։ Վախեցած չենք, եթե պետք լինի, ամեն ինչի էլ պատրաստ ենք»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։
Hraparak.am-ի տեղեկություններով` ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։
ՀՀ ՊՆ–ից հայտնում են, որ ժ. 15.00–ի դրությամբ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։