Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին տարհանել են

Սոթք. Արխիվային լուսանկար
Անվտանգության նկատառումներից ելնելով` դեռևս կեսօրին Սոթքի ոսկու հանքի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես կանգնեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Ստեղծված իրավիճակում ընկերությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել աշխատանքը և, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել իր աշխատակիցներին»,–ասաց Գրիգորյանը։
Հրահանգ չունենք գյուղը դատարկելու. Իշխանասարի համայնքապետ
Նրա խոսքով` արդեն իսկ բոլոր աշխատակիցներին տարհանել են։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։