Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են Արցախի թեման

Ռուսաստանի ու Իրանի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երկու նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ խոշոր համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանը։
«Իրավիճակը պետք է կայունացնել»․ Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Հանգամանալից քննարկվել են միջազգային օրակարգի արդիական թեմաներ: Նշվել է, որ հիմնականում ռուս-իրանական համակարգված ջանքերի շնորհիվ է հաջողվել պահպանել Սիրիայի պետականությունը, վերացնել միջազգային ահաբեկչության խոշոր օջախը:
Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանն ու Իրանը կողմ են դրա լիարժեք իրականացմանը ի սկզբանե համաձայնեցված շրջանակներում։ Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին Վիեննայում նախատեսված բանակցությունները կընթանան կառուցողական ճանապարհով:
Պուտինն ու Ռայիսին պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Պատերազմն ավարտվել է, բայց խաղաղություն չկա. ի՞նչ է տվել Արցախում հրադադարի մեկ տարին