Հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից. կապի օպերատորների զգոնության կոչը

Երևան. Արխիվային լուսանկար
Ընկերությունները հորդորում են լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել կասկածելի զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Վիվա-ՄՏՍ»–ը տեղեկացնում է, որ հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից ու օգտահաշիվներից։ Ընկերությունը նման հայտարարություն է արել` հավելելով, որ նման զանգերն ու նամակները պետք է անտեսել և ոչ մի դեպքում հետ զանգեր չկատարել։
«Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցիները 12 հայ զինծառայողի են գերի վերցրել. ՊՆ
Միաժամանակ, ընկերությունը հորդորում է զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար և հետևել պաշտոնական լրահոսին։
Նմանօրինակ հայտարարություն է տարածել նաև Ucom ընկերությունը։
«Սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարևոր» լուրեր և նմանօրինակ գործողությունների դիմել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից հորդորում են լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։
«Օգնենք ինքներս մեզ, այլ ոչ թշնամուն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։