ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
«Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայկական ԶՈւ ստորաբաժանումները համարժեք գործողություններով հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։