Հայաստանի բարեկամ թվացող երկրների լռությունը տարօրինակ է. Արամ Ա–ի հայտարարությունը

Արամ Առաջին
Արամ Ա–ի խոսքով` 44-օրյա պատերազմից մեկ տարի անց թշնամին շարունակում է իր ոճրագործությունները Հայաստանի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի բարեկամ թվացող երկրների լռությունը տարօրինակ է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց ահավասիկ նույն թշնամին աշխարհի առաջ, արհամարհելով մարդկանց իրավունքների հիմնական սկզբունքները և ոտնահարելով միջազգային օրենքները, Հայաստանի նկատմամբ շարունակում է իր ոճրագործությունները։ Թշնամու հետապնդած նպատակները հստակ են»,– նշել է Արամ Ա-ն։

Նրա խոսքով` այս իրավիճակում հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում պետք է ցուցաբերի միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք։
Հայոց եկեղեցին աշխարհասփյուռ իր զավակներին հորդորում է զորավիգ լինել հայրենիքին
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։