Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է ադրբեջանական ԶՈւ–ի` Հայաստան ներխուժելու մասին

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և խոսել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից։
Լույոյի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:
ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ:
Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:
Վախեցած չենք, եթե պետք լինի, ամեն ինչի էլ պատրաստ ենք. Շաքիի ղեկավար
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Կորցրել ենք մարտական 2 դիրք։
Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։