ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Այսօր բողոքի ակցիա իրականացնող Արագածոտնի Բյուրական համայնքի բնակիչները հասան համայնքապետի պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի հրաժարականին։
Մարզպետարանի շենքում Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցավ: Ավարտից հետո համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Բաբայանը հայտարարեց, որ Գևորգյանը կհեռանա, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կնշանակվի Բյուրականի բնակիչ Սպարտակ Ռոստոմյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները միաձայն համաձայնեցին։
«Համաձայն ենք, կպայքարենք Սպարտակի համար», - ասացին նրանք:
Հավաքվածների առջև ելույթ է ունեցավ նաև մարզպետը։ Նա ասել է, որ պատրաստ է լսել մարզի յուրաքանչյուր բնակչի և ուժերի չափով օգնել խնդիրների լուծման հարցում: Նա կոչ արեց չքաղաքականացնել ակցիան։ Դա բուռն արձագանք առաջացրեց ակցիայի մասնակիցների շրջանում։ Նրանք ասացին, որ չեն հանդուրժի, որ Բյուրականում անհայտ մարդկանց նշանակեն։
«Իսկ մեզ հետ չեք պատրաստվու՞մ հաշվի նստել։ Եթե հարգում եք մեզ, ապա ձեր կամակատարին տարեք, իսկ մենք գլուխ կհանենք», - նշեցին ակցիայի կազմակերպիչները։
Պետրոսյանը պատասխանեց, որ համաձայն է չեղյալ համարել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին իր իսկ որոշումը։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում պետք է ՏԻՄ ընտրություններ անցկացվեն, այդ թվում՝ Բյուրականում։ Նոյեմբերի 2-ին լրացել է համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանի պաշտոնավարման ժամկետը, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադիկ Գևորգյանը, որը Բյուրականի բնակիչ չէ, ինչն էլ համայնքի բնակիչների վրդովմունքի պատճառն է։