ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Ավելի քան 4 հազար ուխտավոր մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ Ամարաս ու Դադիվանք են այցելել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրենց գործունեության մեկ տարվա ընթացքում ապահովել են ավելի քան 4 հազար ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք կողմերի սահմանազատման գծի մոտ են», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոստնիկովը:
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ավելի քան 80 անգամ ուխտավորներին ուղեկցել են կիրակնօրյա ժամերգության Ստեփանակերտից դեպի վանքեր ու հակառակ ուղղությամբ:
Ամեն կիրակի ուխտավորները Հայաստանից ու Արցախի հեռավոր շրջաններից գալիս են ժամերգության։ Բացի այդ, տարածաշրջանի պատմական և մշակութային արժեքների պահպանման համար ռուս զինծառայողները մշտապես պարեկություն են իրականացնում վանական համալիրների հարակից տարածքներում:
«Ամեն կիրակի ժամերգություն կա, Ստեփանակերտի ու տարբեր շրջանների ուխտավորները գալիս են այստեղ։ Կան նաև երեխաներ, նրանք չեն վախենում, մենք վերականգնումից հետո այստեղ կիրակնօրյա դպրոց կբացենք, որ երեխաներն այստեղ սովորեն: Մեր հոգևորականները միշտ ասում են, որ խաղաղապահներն իրենց գործն անում են լավ և արժանապատվորեն։ Այնպես որ մենք շնորհակալ ենք նրանց, որ պաշտպանում են մեր ուխտավորներին Ամարասի վանական համալիր այցելելիս», - ասել է Վրթանես եպիսկոպոսը։
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Արցախում կողմերի սահմանազատման գծին մոտ։ Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր հիմունքներով ապահովում են սրբավայր այցելող ուխտավորների անվտանգությունը: