ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Բանակցությունները պետք է սկսել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
«Մենք այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ մարտական գործողությունների մասին ահազանգեր ենք տեսել։ Բանակցությունները պետք է սկսել նաև բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար, որոնք այսպես թե այնպես կապված են ղարաբաղյան հակամարտության հետ»,– ասել է նա:
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել: Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին: Վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։