ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի է գերեվարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` զինծառայողներից 7-ը պայմանագրային են, 5–ը` ժամկետային։
Գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
«Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են»,– նշում է ՊՆ–ն։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։