ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի-Sputnik, Աշոտ Սաֆարյան․ ՀՀ ՊՆ ղեկավարության փոփոխությունն իսկական փոթորիկ է առաջացրել տեղեկատվական դաշտում։ Այսօր ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ հանեց Արշակ Կարապետյանին նախարարի պաշտոնից՝ նրա փոխարեն նշանակելով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
Պապիկյանի նշանակումը և նրա նախորդի՝ Արշակ Կարապետյանի հեռացումը տեղի ունեցավ Հայաստանի սահմանամերձ տարածքներում ադրբեջանական զորքերի հերթական առաջխաղացումից հետո։ Այդ լուրերը սկսել են շրջանառվել ԶԼՄ-ներում և սոցցանցերում երեկ՝ օրվա երկրորդ կեսից։ Կարապետյանը և նրա ղեկավարած գերատեսչությունն ի սկզբանե որոշել են հանրությանը տեղեկատվական վակուումում պահել՝ լիարժեք տվյալներ չհաղորդելով տեղի ունեցածի մասին։ Ավելին, ըստ որոշ լուրերի, նման վակուումի մեջ ինչ-որ պահի եղել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին զինվորականները փորձել են առաջնագծում տեղի ունեցածն այլ կերպ ներկայացնել։ Բայց ավելի ուշ, իմանալով, թե ինչ է եղել ու ինչպես, Փաշինյանը որոշել է հրաժեշտ տալ Կարապետյանին:
Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Կարապետյանի հեռացումը վկայում՝ որքան զգայուն է իշխանությունը վերաբերվել սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Ավելին, կիրակի Կապանում կայացած ՏԻՄ ընտրություններում իշխանամետ թեկնածուի պարտությունն ուժեղացրել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների բացասական հոգեբանական էֆեկտը:
Ինչ վերաբերում է Պապիկյանի նշանակմանը` Հարությունովի կարծիքով` իշխանությունը ՊՆ է գործուղել իշխող վերնախավի ներսում բարձր կարգավիճակ ունեցող մարդուն՝ հույս ունենալով լուծել գերատեսչության համակարգային խնդիրները։
Փորձագետը կասկածում է, որ Պապիկյանին կհաջողվի դա անել։ Նախ, քանի որ այդ խնդիրները բնավ չեն սահմանափակվում պաշտպանության նախարարությամբ`դրանք ավելի գլոբալ են։ Ավելին, խնդիրների ծագումնաբանությունը պետք է փնտրել նաև քաղաքական ղեկավարության ներսում։ Այս տեսանկյունից միայն նախարարի փոփոխությամբ հնարավոր չէ կարգուկանոն հաստատել ռազմական գերատեսչությունում։
«Հայաստանի Զինված ուժերի առջև ծառացած խնդիրներն այնքան շատ են, որ մեկ մարդը չի կարող լուծել դրանք։ Այս իմաստով իշխանության մոտեցումն այնքան էլ ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է ոչ զինվորական մարդուն նախարար նշանակելուն, ապա Հայաստանում ստեղծված իրավիճակում շատ ավելի խելամիտ, ռացիոնալ կլիներ նշանակել ռազմական փորձ, այդ ոլորտում գիտելիքներ, իրավասություններ ունեցող մարդու», – համոզված է նա։
Անշուշտ, այդ որակների բացակայությունը տեսականորեն կարելի է փոխհատուցել ՊՆ-ի ներսում գրագետ կադրային քաղաքականությամբ, արդյունավետ մենեջմենթով և այլն։
«Աշխարհում ընդհանրապես ընդունված պրակտիկա է, երբ քաղաքացիական անձանց են նշանակում պաշտպանության նախարար։ Հայաստանում նման դեպք եղել է, երբ նախարարի պաշտոնը Վիգեն Սարգսյանն էր զբաղեցնում։ Շատ ավելի կարևոր է, թե ինչպես է նոր նախարարը կառուցելու իր աշխատանքը», – ասաց Հարությունովը։
Նա, սակայն, դժվարացավ ասել՝ արդոք Պապիկյանը նման մենեջերական ունակություններ ունի։
«Կարելի է ենթադրել` իշխանությունը եկել է այն եզրահանգման, որ ՊՆ-ում արդեն գոյություն ունեցող կադրային բազան արդյունավետ չէ ու պետք է քաղաքական թիմից մարդ նշանակել։ Ընդ որում, պետք է լինի նշանավոր գործիչ, որը կարող է արդյունավետ որոշումներ կայացնել. Բայց կրկնեմ՝ խնդիրների կծիկը թույլ չի տալիս հուսալ, որ դրսից եկած մարդը կկարողանա լուծել դրանք», – ավելացրեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր հերթին կարծում է, որ Պապիկյանին նախարար նշանակելը համարժեք է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դիմումին:
«Ինձ թվում է, որ Պապիկյանին նախարար նշանակելը վկայում է ցայտնոտի կամ ցուգցվանգի վիճակի մասին, որում հայտնվել է Նիկոլ Փաշինյանը։ Այլ բացատրություն չունեմ», - ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Սուրենյանցի համար ակնհայտ է, որ Պապիկյանի նշանակման նպատակը պաշտպանական գերատեսչության նկատմամբ քաղաքական ղեկավարության վերահսկողության ուժեղացումն է։ Բայց դա ինքնին շատ թույլ ու անհաջող տարբերակ է։ Քաղաքագետը չի բացառում, որ քաղաքական գործիչը կարող է պաշտպանության նախարար դառնալ, բայց նա գոնե պետք է որևէ առնչություն ունենա բանակի հետ։ Քաղաքագետի գնահատմամբ՝ նոր նախարարը չի կարող պարծենալ բանակային ոլորտին այդքան մոտ լինելու հանգամանքով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը նախ հաղորդել էր հայ–ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության մասին, իսկ ավելի ուշ՝ ադրբեջանական զինուժի կողմից իրենց դիրքերն առաջ տանելու փորձերի մասին: Սակայն երեկոյան ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ փոխհրաձգությունը դադարեցվել է, իրավիճակը համեմատաբար կայուն է։ Միևնույն ժամանակ ՊՆ-ն հերքել էր ռազմական տեխնիկայի՝ երկրի տարածք ներթափանցելու մասին բոլոր տեղեկությունները:
Սակայն Անվտանգության խորհուրդն այսօր առավոտյան հաստատել է զրահատեխնիկայի կիրառման և հակառակորդի կողմից հայկական 4 դիրքերի գրավման մասին տեղեկատվությունը՝ հավելելով, որ ավելի ուշ Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են այնտեղից։