Պաշտոնատար անձը 25 միլիոն դրամ կաշառք է պահանջել. ԱԱԾ–ի հերթական բացահայտումը

Կաշառքի հերթական մասնաբաժինը ստանալուց հետո պաշտոնատար անձն ու կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել ԱԱԾ։
Sputnik
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն գործարքներ է բացահայտել։ Տեղեկությունը հրապարակվել է ԱԱԾ պաշտոնական կայքում։
Ըստ հաղորդագրության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը հիմնադրամի կողմից 2021 թ.-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության սեփականատիրոջից 25 մլն դրամ կաշառք է ստացել։ Նա այդ գումարը պահանջել է հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար։ Այդ գումարից 2.5 մլն դրամը կաշառք պահանջողը ստացել է 2021 թ. սեպտեմբերին։
Հիմնադրամի տնօրենը շուրջ 42 մլն դրամի հափշտակություն է արել
Իսկ ահա օրերս` նոյեմբերի 12-ին, պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.9 մլն դրամը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել ԱԱԾ։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտ հայտնաբերվել է կաշառք տված գումարը։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ ՔՕ համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են։
Որդուն ամեն ամիս գումար է տվել. Վանաձորի ինֆեկցիոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել