Գորիս-Կապան, Կապան-Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ. ԱԽ

ԱԽ–ն վստահեցնում է` ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ անվտանգության խորհուրդը` անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու փաստին։

«Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում»,–նշված է հաղորդագրության մեջ:

ԱԽ–ն վստահեցնում է` ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ։ Ըստ անվտանգության խորհրդի հայտարարության` այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն:
Ադրբեջանցիները գնացել են, ՀՀ զինված ուժերը դուրս են բերվել 4 մարտական դիրքերից. ԱԽ
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ–ն էլ հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։