ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան 3/3 հասցեում 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են 47 և 45-ամյա տղամարդիկ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Տղամարդիկ ձերբակալվել են Երևան քաղաքի 54-ամյա բնակչին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր, վերցվել էին նմուշներ, նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն»,– նշում են ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:25-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ տեղեկացնելով, որ իր ամուսնուն Ֆանարջյան փողոցում գտնվող տանը գտել են մահացած վիճակում։ Նա եղել է տան հյուրասենյակում, անկողնում։
Իրավապահները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն է: Դեպքի վայրում գտնվող պարեկները 2 տղամարդու են ուղեկցել ոստիկանություն։
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը) հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: