ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի երկրորդ որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին, նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել: Այս մասին գրում է տեղական Al-Marsad պարբերականը։
Թերթի տվյալներով՝ փաստաթղթերը ներկայացվել են Լիբիայի հարավ-արևմուտքում գտնվող Սաբհա քաղաքի Գերագույն ընտրական հանձնաժողովի բաժանմունք:
2020 թվականի գարնանը լիբիական Ջամահիրիայի նախկին առաջնորդի որդու ներկայացուցիչները հայտարարել էին, որ 49-ամյա Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Լիբիայում կայանալիք նախագահական ընտրություններում:
ՄԱԿ-ի հովանու ներքո լիբիական քաղաքական երկխոսության համաժողովը փետրվարի սկզբին ընտրել է Լիբիայի անցումային գործադիր իշխանությանը, որը երկիրը կղեկավարի մինչև դեկտեմբերի 24-ին նշանակված համընդհանուր ընտրությունները: Նախագահական խորհրդի նոր ղեկավար է ընտրվել Հունաստանում Լիբիայի անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) նախկին դեսպան Մուհամմադ Մենֆին: Անցումային կառավարության ղեկավար է ընտրվել լիբիացի գործարար և քաղաքական գործիչ Աբդելհամիդ Դբեյբան:
2011-ին Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո սպանվել էին Լիբիայի նախկին առաջնորդն ու նրա որդին՝ Մուաթասեմը։ Գերեվարվել էր Քադաֆիի մյուս որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, որն իր հոր ամենահավատարիմ համախոհներից մեկն էր: Նա լիբիական բանտում էր մինչև 2017-ի հուլիսը։