ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիան իրավունք չունի Ռուսաստանին մեղադրել բելառուսա-լեհական սահմանին առաջացած միգրացիոն ճգնաժամի մեջ։
Այս մասին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Telegram-ի իր ալիքում։ Նա մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Էլիզաբեթ Թրասի հայտարարությունը։
Ավելի վաղ Թրասը նշել էր, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում բելառուսա-լեհական սահմանի իրադրության համար։ Վերջինս Մոսկվային կոչ էր արել «ճնշում գործադրել» Բելառուսի իշխանությունների վրա՝ ճգնաժամին վերջ դնելու համար:
«Մանրակրկիտ մշակված էր Մեծ Բրիտանիայի ներխուժումն Իրաք։ 45 հազար բրիտանացի զինվոր օգնել է ԱՄՆ-ին օկուպացնել այդ երկիրը, սպանել նրա քաղաքացիներին և թալանել ընդերքը։ Մեծ Բրիտանիան հստակ պատմական պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ այդ պահից տեղի է ունենում տարածաշրջանում՝ իրաքցիների մահը, Իրաքի պետականության կործանումը, փախստականների անվերջանալի հոսքերը, ԻՊ-ի հայտնվելը, աշխարհի այդ հատվածում հումանիտար աղետները»,- գրել է Զախարովան և հավելել, որ քանի դեռ Լոնդոնը պատասխան չի տվել իր հանցագործությունների համար, նրա պաշտոնական ներկայացուցիչները որևէ մեկին մեղադրելու իրավունք չունեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Բելառուսում գտնվող փախստականների մեծ խումբ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայի երկրներից եկել էին լեհական սահման՝ ԵՄ տարածք մուտք գործելու համար։ Այնտեղ մոտ 3 հազար փախստական կա, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ։ Փախստականները տարերային ճամբար են ստեղծել։