ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի ախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։Տեղեկությունը Facebook—ի իր էջում հայտնել է Միրզոյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
ԱԳ նախարարը Բրյուսելու կգտնվի նոյեմբերի 15-16-ը։ «Նա այնտեղ մասնակցելու է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը»,- նշել է Հունանյանը:
Տեղի կունենան նաև հանդիպումներ Եվրոպական միության գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին և 11-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին և ելույթ ունեցել։ Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։
Նա նաև հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիին։