Պուտինը հայտարարել է, որ Լուկաշենկոն ու Մերկելը պատրաստ են բանակցել փախստականների հարցով

Ռուսաստանի նախագահը ամենամոտ ժամանակներս Մինսկի և ԵՄ-ի միջև ուղիղ շփման հաստատման հույս ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԳԴՀ կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար Անգելա Մերկելը պատրաստ են բանակցություններ անցկացնել։ Այդ մասին «Вести 2»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմրի Պուտինը։
Պետության ղեկավարը հույս ունի, որ անմիջական երկխոսություն կհաստատվի Մինսկի և Եվրամիության, առաջին հերթին՝ Գերմանիայի հետ, քանի որ միգրանտները հենց այդ երկիր են ձգտում հասնել:

«Ես և՛ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի, և՛ կանցլեր Մերկելի հետ զրույցներից հասկացա, որ նրանք պատրաստ են միմյանց հետ խոսել»,-նշել է նախագահը։

Վլադիմիր Պուտինը նաև հույս է հայտնել, որ փախստականների հարցով Լուկաշենկոյի և Մերկելի բանակցությունները տեղի կունենան ամենամոտ ժամանակներում:
Նա նշել է, որ Բելառուսը ԵՄ-ում փախստականներիխնդիրների հայտնագործողը չէ, պատճառները ստեղծվել են Արևմուտքի երկրների, այդ թվում՝ Եվրոպայի կողմից:
«Լեհաստանի տարածք զանգվածային ներթափանցման խոշորագույն փորձը»` լուսանկարներով
Մեկնաբանելով Լուկաշենկոյի խոսքերը դեպի Եվրոպա գազը փակելու հնարավորության մասին` Պուտինը նշել է, որ առաջին անգամ է լսում նման հայտարարության մասին։ Նրա խոսքով՝ ինքը երկու անգամ խոսել է Լուկաշենկոյի հետ, սակայն վերջինս նրան ոչինչ չի ասել, «անգամ չի ակնարկել» այդ մասին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր, հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի փոխտնօրեն Գրիգորի Լուկյանցևը հայտարարել էր, որ Լեհաստանի և Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամին Ռուսաստանի մասնակցության մեղադրանքներն անհեթեթ են:
Փախստականների խումբը շարժվում է դեպի Բելառուսի ու Լեհաստանի սահման
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Բելառուսում գտնվող մի խումբ փախստականներ, ծագումով՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից, մոտեցել են Լեհաստանի սահմանին՝ ԵՄ մտնելու մտադրությամբ։ Այժմ սահմանին մոտ երեք հազար փախստական կա, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ։
Փախստականները տարերային ճամբար են հիմնել։