Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ում հրապարակված տեսանյութում ներկայացրել է Երևանի Օղակաձև այգու հիմնանորոգված հատվածը, որտեղ կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և շների զբոսանքի այգին:
«Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածը ընդամենը երկու տարի առաջ անխնամ և քայքայված վիճակում էր՝ տարածքի զգալի մասը զավթված էր սրճարաններով և այլ ապօրինի շինություններով, ոռոգման ցանցը փաստացի բացակայում էր, գետինը պատված էր դեռ խորհրդային շրջանից մնացած մաշված սալիկներով, կանաչ ֆոնդն, ըստ էության, կանգնած էր վերացման վտանգի առաջ»,– տեսանյութում հայտնում է Մարությանը:
Օղակաձև զբոսայգու ավելի քան 12 հեկտար մակերեսով հիշյալ հատվածն ազատվել է ապօրինի շինություններից, մաքրվե բետոնից ու կանաչապատվել, ծառերը թարմացվել են, տնկվել է 8600 ծաղիկ, հիմնվել ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացվել լուսավորության նոր ցանց, ներդրվել է ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, այգին նոր մոտեցմամբ սալիկապատվել է, առանձնացվել են հեծանվուղիներ:
Ծրագրի շրջանակում հատուկ այգու համար նախագծվել և տեղադրվել են նստարաններ և աղբամաններ, մաքրվել է Գետառի՝ այգու միջով անցնող հատվածը և կառուցվել է նոր հենապատ: