Առանձնաշնորհյալ հարաբերություններ. հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ` մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը մանրամասն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող Միրզոյանը նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Ժան-Բատիստ Լըմուանի հետ։

«Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խթանումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ավելի վահ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Անն Իդալգո
Նա ծաղիկներ է խոնարհել նաև Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ։
Հիշեցնենք` նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ` մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին: Ֆրանսիայում Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը։ Կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը ։
Նրանք նաև կարևորել են սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից խուսափելու հարցերը։